Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ անցակետերում նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել:
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսով վարակի առաջին հաստատված դեպքն արձանագրվելուց հետո՝ 2020 թ. մարտի 2-ից, սահմանային անցակետերում ծառայություն իրականացնող Արցախի ոստիկանության ծառայողներին հատկացվել են բժշկական ձեռնոցներ և դիմակներ: Միաժամանակ վերջիններիս հանձնարարվել է Արցախի Հանրապետության տարածք մուտք գործող անձանցից հարցման միջոցով պարզել վերջիններիս ինքնազգացողությունը և ջերմություն ունենալու փաստը:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի 2020 թ. մարտի 13-ի հանձնարարականների համաձայն՝ ոստիկանությունը հսկողություն է սահմանել օտարերկրյա քաղաքացիների մուտքի վրա, սահմանային 4 անցակետերում առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպվել և իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ:
2020 թ. մարտի 17-ին ԱՀ առողջապահության նախարարության, ԱՀ ոստիկանության և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջև կնքված համատեղ հրամանի համաձայն՝ նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու համար սահմանային հսկիչ անցակետերում կանգնեցվում են բոլոր տրանսպորտային միջոցները, ստուգվում սահմանը հատող անձանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը, ջերմաչափման նպատակով ապահովվում վերջիններիս ներկայանալը բուժսանիտարական հսկիչ կետեր: Տնային մեկուսացման ուղարկված անձանց նկատմամբ հեռախոսազանգերի միջոցով իրականացվում է ամենօրյա հսկողություն: