ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Սևանա լճից խեցգետնի արդյունագործական որսի և արտահանման ոլորտում իրականացված հաշվեքննության վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերը, որի շրջանակներում անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության հետ կնքված կենդանական պաշարների օգտագործման պայմանագրերով 2017-2018 թթ. 4 ՍՊԸ Սևանա լճում իրականացրել է խեցգետնի արդյունագործական 104տ ընդհանուր քաշով որս: Մինչդեռ նույն ժամանակահատվածում hանրապետությունից յոթ իրավաբանական անձինք, ներառյալ վերջիններս, արտահանել են շուրջ 357 տ ընդհանուր քաշով վայրի խեցգետին: Այսինքն 253 տոննա խեցգետնի որսը կատարվել է առանց պայմանագրի:
Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2016 թ. «Բնական կենդանական պաշարների օգտագործման» պայմանագրեր կնքած թվով 4 ընկերություններ դիմել են Նախարարություն, որպեսզի ստանան դեռևս 2015-ին որսված և չարտահանված կենդանի խեցգետինը 2017 թ. ընթացքում արտահանելու համաձայնություն: Այդ շրջանակում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը կատարել է ուսումնասիրություն, ըստ որի այդ 4 ՍՊԸ-ներում առկա է 2015 թ. որսված ու չիրացված ընդհանուր 325 տ խեցգետին: Մինչդեռ տվյալներ են ստացվել, որ ուսումնասիրության համար նշված ժամանակահատվածում տեսչության աշխատակիցները Գեղարքունիքի մարզ չեն գործուղվել, նշված կազմակերպություններում խեցգետնի առկա իրական պաշարների ուսումնասիրություններ չեն իրականացվել:
ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի կողմից Հաշվեքննիչ պալատին տրված փորձագիտական եզրակացությամբ պարզվել է նաև, որ նման քանակի կենդանի խեցգետնի երկարատև պահպանման համար, ի թիվս այլ պարտադիր գործոնների, ՍՊԸ-ներին անհրաժեշտ են ոչ բետոնապատ այնպիսի մեծությունների ջրավազաններ, որոնք նրանք չունեն: Բացի այդ, ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2015 թ. ընկերությունների կողմից խեցգետնի արտահանման ծավալներն արդեն իսկ գերազանցել են նրանց տրված որսի թույլտվությունները:
Այսինքն՝ ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք 2016 թ. նոյեմբերին ներկայացրել են խեցգետնի իրականում գոյություն չունեցող ծավալների մասին կեղծ, իրականությանը չհամապատասխանող տվյալներ: Արդյունքում իրավաբանական անձինք 2017-2018 թթ. իրականացրել են 253 տ անհայտ ծագման աղբյուրից ձեռք բերված վայրի խեցգետնի արտահանում, որի արդյունքում ենթադրաբար պետական բյուջե չի մուտքագրվել 253 մլն դրամի բնօգտագործման վճար:
ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կատարած գնահատման համաձայն՝ խեցգետնի արդյունագործական ընդհանուր կենսազանգվածը 2014-2016 թթ. կազմել է ընդհանուր 8530 տ, որից օգտագործման ենթակա պաշարը (թույլատրելի որսաչափը)՝ 1900տ: Մինչդեռ անտեսելով որպես հիմք հանդսացող ՊՈԱԿ-ի հետազոտությունները՝ 2014-2016թ.-ին որսի թույլտվություն է տրվել ընդհանուր 5474տ. կամ շուրջ 3 անգամ ավել խեցգետնի որսի համար: Արդյունքում վտանգվել է խեցգետնի պոպուլյացիայի վերարտադրության պրոցեսը և այն ապահովելու համար անհրաժեշտ չափաքանակների պաշարները, ինչի հետևանքով 2017-2018 թթ. արդյունագործական որսի թույլտվության բնեղեն քանակը կտրուկ նվազել է՝ 2017 թ. կազմելով 42 տ, 2018 թ.՝ 3 տ, որը 2015 թ. համեմատ պակաս է շուրջ 900 անգամ, ինչով առաջացրել են ծանր հետևանքներ:
Հաշվեքննության շրջանակներում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ կենսապաշարներ օգտագործող ընկերություններից մեկը 2017թ. առաջին եռամսյակում բնապահպանական պետական տեսչություն է ներկայացրել 17,95 տ խեցգետնի պաշարների օգտագործման հաշվետվություն, այն դեպքում, երբ նրա ստացված որսի թույլտվությունը կազմել է 12 տոննա: Այսինքն՝ օգտագործվել է ստացված թույլտվությունից 5,95 տ-ով ավելի պաշար: Մինչդեռ տեսչական մարմնի պատասխանատու պաշտոնատար անձինք, օժտված լինելով կենդանական աշխարհի օբյեկտների արդյունագործական նպատակներով օգտագործման պահանջների պահպանման և վերահսկողության լիազորությամբ, կենսապաշարների ապօրինի օգտագործման առկա փաստը չեն արձանագրել և պատասխանատվության միջոցներ չեն կիրառել, որի արդյունքում բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառվել է շուրջ 6 մլն ՀՀ դրամի վնաս:
Նկատի ունենալով, որ ՀՀ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: