ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ասուլիսի ընթացքում ներկայացրեց, թե կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղված միջոցառումների ծրագրով գյուղատնտեսական ինչ գործիքակազմեր են կիրառվելու։ Նա նշեց, որ գործիքակազմերից առաջինը վերաբերում է արդիական տեխնոլոգիաների ներդրման արդյունավետության բարձրացմանը։
«Առաջին փաթեթը վերաբերում է միկրովարկերին։ Զրոյից մինչև 1 միլիոն դրամանոց վարկերը մարդիկ կարող են վերցնել 0 տոկոս տոկոսադրույքով։ Եթե բանկը համարի, որ տվյալ ֆերմերը կարող է օգտվել նման վարկատեսակից, ապա արտոնյալ ժամկետ է սահմանվում՝ մինչև 9 ամիս։ Ֆերմերը կարող է այդ գումարը վերցնել, ներդնել իր տնային տնտեսության մեջ, իրականացնել հողի մշակման աշխատանքները, իսկ 9 ամիս հետո, երբ բերքը կարող է վաճառած լինել և գումար ունենալ, նոր սկսում է մարումը։ Ընդհանուր տոկոսադրույքը կարող է օգտագործել մինչև մարման ժամկետը՝ երկու տարի»,- ասաց փոխնախարարը։
Նա նշեց նաև, որ կլինեն 3-15 միլիոն դրամանոց վարկատեսակներ, որոնք կտրամադրվեն մինչև 5 տարի ժամկետով, արտոնյալ ժամկետը՝ 12 ամիս։
Փոխնախարարն ընդգծեց, որ լավ առիթ է չմշակվող հողատարածքները մշակելու համար, քանի որ ինտենսիվ այգիների համար առաջարկվում է 0,5-ից մինչև 100 հա հնարավորություն, որ ֆերմերն այգեհիմնման աշխատանքներ կատարի։
«Ընդհանուր բյուջեն յուրաքանչյուր վարկառուի համար սահմանվում է մինչև 2,5 միլիարդ դրամ։ Ձեռք են բերում տնկանյութ, որը հավաստագրված է, կա բուսասանիտարական անձնագիր, տնկում են իրենց այգում, այգեհիմնման աշխատանքներ են կատարում և 5 տարի ժամկետում ոչ մի տոկոս, մայր գումար չեն վճարում։ Երեք տարի է պահանջվում, որ ինտենսիվ այգիներում ներդրված գումարը հետ պահանջվի, եթե երրորդ-չորրորդ տարուց սկսած չորրորդ տարում գումար ես գեներացնում, ապա հինգերորդ տարում ամբողջությամբ պատրաստ ես լինում, որպեսզի վարկի ամբողջ գումարը մարես»,- ասաց Խոջոյանը։