Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին, նշեց, որ սպասվում է դիտորդների մասնակցություն։ Վարչապետը նշեց նաև, քանի որ երկրում արդեն առկա են կորոնավիրուսի հայտնաբերման արագ թեստեր, պետք է համագործակցել դիտորդների հետ, ռիսկային երկրներից եկող դիտորդներին խնդրել փոխարինել նրանց։
«Պետք է համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք՝ դիտորդները արդյոք ռիսկայի՞ն գոտիներից են, թե՞ ոչ։ Եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք նրանց փոխարինել այլ դիտորդներով։ Մեկնումից առաջ նրանք պետք է պարտադիր թեստավորվեն արագ թեստերով։ Փառք Աստծո, Արցախում մինչև այս պահը կորոնավիրուսի որևէ դեպք չի արձանագրվել, չնայած տասնյակ մարդիկ թեստավորվել են։ Այնտեղ նույնպես փնտրողական աշխատանքն իրականացվել է։ Ամեն ինչ պետք է անենք, որ կորոնավիրուսը դիտորդական առաքելության հետ Արցախ մուտք չգործի»,- նշեց վարչապետ Փաշինյանը։