Հայկական տեղեկատվական միասնական հարթակում այսօր ասուլիսով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Տիգրան Գաբրիելյանը։ Խոջոյանի խոսքով՝ ճգնաժամային իրավիճակներում գյուղատնտեսությունն էլ ավելի կարևորություն է ստանում, և գնալով աշխարհում աճում է գյուղատնտեսական մթերքների պահանջարկը։ Քանի որ Կառավարությունն այսօր հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը, որը վերաբերում է գյուղատնտեսությանը, փոխնախարարները մանրամասն ներկայացրին դրանք։
էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ներկայացրեց անասնաբուծության և տոհմային անասնաբուծության ոլորտում իրականացվելիք աշխատանքները։ Փոխնախարարի խոսքով՝ եթե նախկինում տոհմային տավարաբուծության ծրագրով ֆերմերները կարող էին տոհմային անասուն ձեռք բերել 2 տոկոս վարկային պրոդուկտով, հիմա նրանք կարող են ձեռք բերել 0 տոկոս վարկով։
«Վարկի գումարը մեկ մենատնտեսի կամ ֆերմերի համար կազմում է մինչև 300 միլիոն դրամ, վարկի մարման ժամկետը մինչև 5 տարի է, նաև արտոնյալ ժամկետ կա՝ 1 տարի»,- նշեց Գաբրիելյանը։