Կառավարության նիստը մեկնարկեց կորոնավիրուսի հայաստանյան տվյալների մանրամասների հրապարակմամբ. վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանում կա 290 ախտորոշված դեպք, 2 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում։ Նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի, երկուսն էլ 75-ից բարձր տարիքային խմբից են։ Վարչապետը հայտնեց նաև, որ 18 առողջացածների թիվն այսօր կավելանա։ Մեկուսացման ռեժիմից էլ դուրս են եկել շուրջ 100 քաղաքացիներ։
Վարչապետը նաև նշեց, որ հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունեն․ այսօր հիվանդանոցներում կան հիվանդներ, որոնք բուժում չեն ստանում, նրանց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն ընթանում է առանց ախտանշանների, և հիվանդանոցում նրանց գտնվելը արդարացված չէ։
«Այսօր առավոտյան մենք պարոն Ավինյանի և պարոն Թորոսյանի մասնակցությամբ ունեցանք քննարկում և որոշեցինք թեթև դեպքերին, որոնք, ըստ էության մեծամասնություն են, տեղավորենք հիվանդանոցում՝ ապահովելով սնունդը և մյուս կարիքները։ Կարծում եմ՝ պետք է այս քաղաքականությունը շարունակել և բանակցել հյուրանոցների հետ։ Կարծում եմ նաև օգտակար է տնտեսության առումով՝ հյուրանոցների առումով, որոնք այսօր, ըստ էության, դատարկ են»,- նշեց վարչապետը՝ առողջապահության նախարարից հետաքրքրվելով՝ ճի՞շտ է, որ կորոնավիրուսից հետո այդ հյուրանոցների սենյակների հետ որևէ վատ բան չի լինի, եթե ախտահանեն։
Թե ստանդարտ ախտահանումը, թե ամեն դեպքից հետո արվող ախտահանումը կլուծի խնդիրը՝ նշեց Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան բերելով Իսրայելի օրինակը․ շուրջ 1000 հիվանդ, որոնք թեթև են տանում վարակը, Իսրայելում տեղավորված են հյուրանոցներում։
Վարչապետը նշեց, որ հյուրանոցների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, որոշակի գնի շուրջ են պայմանավորվում, և կաշխատի այդ ենթակառուցվածքը՝ նաև սննդի մատակարարումն իրականացնելով։
«Առողջապահության նախարարը այսօր ներկայացրել է վերլուծությունը, կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսի տարածման սցենարը մեզ մոտ վատագույն սցենարով չէ, այլ աշխարհում արձանագրված լավագույն սցենարներին մոտ է ընթանում, իհարկե, եթե մեզ հաջողվի իրավիճակը պահել հսկողության տակ։ Այլ երկրներում թվերը աճում եմ երկրաչափական պրոգրեսիայով, իսկ մեզ մոտ կա աճ, բայց այս իրավիճակը հսկողության տակ պահելու համար շատ կարևոր է, որ մենք այս մեկշաբաթյա խստագույն սահմանափակումների ռեժիմը պահպանենք»,- նշեց վարչապետը։