Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, հրավիրած ասուլիսի ընթացքում խոսելով վարչական և իրավական սահմանափակումների մասին, նշեց, որ մարտի 23-ին ընդունվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների և Քրեական օրենսգրքում լրացում կատարելու նախագծերը, որոնք կանոնակարգում են աշխատանքը տարբեր ոլորտներում: Վարչության պետը, անդրադառնալով ՔԿՀ-ում պատասխանատվություն կրող անձանց շրջանում հնարավոր դեպքերին, նշեց, որ Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ, ախտահանումներ ՔԿՀ-ների ամբողջ տարածքում, ջերմաչափումներ:
Սարգսյանը նշեց նաև, որ քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են որոշակի քանակի թեստավորումներ, սակայն դրանք բոլորն էլ ցույց են տվել նույն՝ բացասական արդյունքը:
«Եթե սահմանված կանոնի խախտումը հանգեցրել է որոշակի հետևանքի. անձը խախտել է ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակումների կանոնները, և անզգուշությամբ եղել է անձի վարակում, ապա այս դեպքում վարչական այլ քրեական պատասխանատվություն կկիրառվի: Նախատեսել ենք նաև այս հանցակազմի համար ծանրացնող հանգամանքներ, եթե դա առաջացրել է առողջությանը ծանր վնաս, երկու և ավելի անձի վարակում, և, որպես առավել խիստ տարբերակ, եթե կանոնները խախտել է և առաջացրել է մարդու մահ, ենթակա է լինելու քրեական պատասխանատվության»,- նշեց Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետը: