Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ ինչպես ավելի վաղ էր տեղեկացվել, Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։
«Այդ իսկ պատճառով Վրաստանում ՀՀ դեսպանությունը վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացել է թույլտվություն՝ ապահովելու Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների տեղափոխումը վրաց-հայկական սահման։
Դեսպանությունը նախ հանդես է եկել իրազեկող հայտարարությամբ, այնուհետև երկու օր շարունակ իրականացրել է Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների տվյալների հավաքագրման աշխատանքներ։ Իսկ արդեն այսօր Մառնեուլի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը վրաց-հայկական սահման և նրանց անցումը ՀՀ տարածք։
Տեղեկացնենք, որ նախապես մեկնելու ցանկություն էին հայտնել չորս տասնյակից ավել ՀՀ քաղաքացիներ, որոնց մի մասը, այնուհետև հրաժարվել է մեկնել Հայաստան։
Դեսպանությունը կշարունակի տվյալներ հավաքել Վրաստանում գտնվող և Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներից՝ նրանց, անհրաժեշտության դեպքում, հայրենիք տեղափոխելու համար»։