«Մնա տանը» կարգախոսով ընթացող ԱԺ նիստում քննարկվում է Կառավարության ներկայացրած՝ «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ նախագծով կանոնակարգվելու է հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքին առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների կարգը:
«Արդեն նախատեսված էր, որ ստորերկրյա քաղցրահամ ջրերի հորատման համար անհրաժեշտ է լինելու առցանց հետևել, սակայն կարգավորված չէր, թե ում միջոցներով պետք է ձեռք բերվեին այդ սարքավորումները, և ինչպես պետք է իրականացվեր: Այս փոփոխությամբ կարգավորվում է այդ հարցը, ինչպես նաև օրենքի նախագծի շնորհիվ արդեն մշակված է Կառավարության համապատասխան որոշումը, որով կսահմանվեն առանձնահատկությունները: Նախագիծը թույլ է տալու վերահսկել Արարատյան դաշտում իրականացվող հորատումները ստորերկրյա ջրային ռեսուրսների մասով և համադրության արդյունքում հնարավոր կլինի հասկանալ՝ այդ հորատումները օրենքին համապատասխա՞ն են իրականացվում, թե՞ ոչ»,- նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: