Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի կանխարգելման ու դրա հետագա տարածման դեմ պայքարի հետ կապված՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է դիմումներ հաշմանդամություն ունեցող անձանցից՝ տեղեկատվության մատչելիության հարցում աջակցություն ստանալու խնդրանքով։
Տեղեկատվության մատչելիության հարցի առնչությամբ Պաշտպանն արձանագրում է՝
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման կարևոր երաշխիքներից է նրանց համար տեղեկությունների լիարժեք հասանելիությունը։
Տեղեկատվության մատչելիության ապահովումը ոչ միայն երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումը, այլ նաև ապահովում է նրանց կողմից արտակարգ դրության պայմաններում իրենց պարտավորությունների պատշաճ կատարման հնարավորությունը:
2. Արտակարգ դրության պայմաններում հանրային իշխանության մարմինների աշխատանքն իրականացվում է արտակարգ ռեժիմով և հասկանալիորեն ուղեկցվում է դժվարություններով։ Սակայն, չնայած այդ դժվարություններին, պետք է գործադրել լրացուցիչ ջանքեր։
Ստեղծված իրավիճակում հատկապես է կարևոր է, որ պաշտոնական տեղեկությունները լիարժեք հասանելի լինեն մեր հասարակության բոլոր անդամների համար։ Ուստի տեղեկությունների մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է ապահովվի այնպես, որ նրանք կարողանան անհրաժեշտ տեղեկություններ ստանալ ինքնուրույն: Դա անհրաժեշտ է ապահովել, օրինակ, ասուլիսների ժամանակ ժեստերի լեզվով թարգմանությամբ, տեսանյութերն ուղեկցել ենթագրերով, պաշտոնական առաջնային կայքէջերն ուղեկցել լուսաձայնային հարմարեցումներով և այլն:
3. Կարևոր է, որ կրթական, մշակութային կամ սպորտային առանձին ծրագրեր ներկայումս իրականացվում են առցանց, սակայն այնքանով, որքանով վերաբերելի են և օբյեկտիվորեն հնարավոր, այդ ծրագրերը պետք է հասանելի ու մատչելի լինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար:
4. Մարդու իրավունքների պաշտպանը լրատվամիջոցներին ու լրագրողներին հորդորում է հնարավորության դեպքում արտակարգ դրությանն առնչվող կարևոր նյութերի հրապարակումներն անել այնպես, որ դրանք հասանելի լինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց։
5․ Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է արտակարգ դրությամբ պայմանավորված իրազեկման աշխատանքներ և նախատեսվում է առաջիկայում տեղեկությունների հանրայնացում մատչելի եղանակներով, այդ թվում՝ բրայլյան տարբերակով, ժեստերի լեզվով թարգմանությամբ, այնպես էլ մեր երկրում բնակվող փոքրամասնությունների ազգային լեզուներով։ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջը՝ www.ombuds.am-ը, հարմարեցված է ինչպես թույլ տեսողություն ունեցող անձանց համար, այնպես էլ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ստեղծվել է ձայնային կառավարման հարթակ, որի կատարելագործման ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են տարվում։