ԱԺ քառօրյան շարունակվում է: Նիստին այսօր ներկա է 105 պատգամավոր: Նիստի մեկնարկին երեկ քննարկված քվեարկություններն են:
Կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվեց 88 կողմ, 16 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:
Կառավարության ներկայացրած մեկ այլ՝ «Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց: Նախագծին կողմ էր 110 պատգամավոր:
«Հիմնադրամների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց: ԱԺ-ն միաձայն կողմ քվեարկեց նախագծին:
«Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 96 կողմ, 16 դեմ ձայներով:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ չընդունվեց: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ խմբակցությունը նախագծին դեմ կքվեարկի անցումային դրույթների հետ անհամաձայնության պատճառով, չանցնելու դեպքում էլ Թունյանն առաջարկեց նախագծի հեղինակ Մանե Թանդիլյանին՝ առաջարկով հանդես գալ և նախագիծը վերադարձնել առաջին ընթերցում:
«Էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ չընդունվեց: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը նշեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու, քանի որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի ներկայացրած նախագիծն էլ է գրեթե նույն թեմայով, և կոչ արեց դրանք միացնել ու հանդես գալ մեկ նախագծով: 36 կողմ, 77 դեմ ձայներով նախագիծը չընդունվեց:
Կառավարության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 115 կողմ ձայներով:
Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ներկայացրած՝ «Գովազդի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց:
Կառավարության ներկայացրած Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխությունների և ՏԻՄ օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը նույնպես ընդունվեց:
«Կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Նախնական մասնագիտական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց:
Օտարերկրացիների մասին օրենքում լրացումների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ:
Կառավարության ներկայացրած «Լիցենզավորման մասին օրենքում փոփոխություն կատարելու» և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 79 կողմ, 33 դեմ ձայներով: