ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը արտակարգ դրության ժամանակ՝ Պարետի ցուցումներով, սննդամթերքի ոլորտում մշտադիտարկումներ է իրականացնում։ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը տեղեկացրեց, որ իրենք շրջայցեր են իրականացնում, կատարվում է խիստ վերահսկողություն, Պարետի ցուցումով՝ մշտադիտարկումներ։
«Մշտապես հետևում ենք, թե տնտեսվարողներն ինչպես են ծավալում իրենց գործունեությունը արտակարգ դրության պայմաններում։ Մեծ տնտեսվարողների հետ ամենօրյա կապի մեջ ենք, ստանում ենք լուսանկարներ, տեսանյութեր, թե ինչպես են իրականացնում ախտահանիչ միջոցառումները՝ սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովելու համար»։
Գեորգի Ավետիսյանը վստահեցրեց, որ նոր տիպի կորոնավիրուսը սննդամթերքի միջոցով չի կարող փոխանցվել մարդուն։
«ՍԱՏՄ-ն բազմաթիվ տնտեսվարողների հորդորում է հացը մատակարարել փաթեթավորված, չնայած նման իրավական կարգավորում չկա, պետք է սանիտարահիգիենիկ պայմանները պահել ինչպես հարկն է, և կկարողանանք զերծ մնալ այդ վիրուսի տարածումից»։