Երևանյան սուպերմարկետներում արձանագրվել են աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման՝ Պարետի հաստատած ուղեցույցով սահմանված նորմերի կոպիտ խախտումներ։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցները ակտիվ մշտադիտարկում են իրականացնում արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում։
Դիտարկումների արդյունքում սուպերմարկետների խոշոր ցանցերի մի շարք մասնաճյուղերում արձանագրվել է, որ
-
հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ.
-
առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում).
-
առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան և ջերմաչափ.
-
չի պահպանվել աշխատատեղերի և աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջը.
-
արտահագուստի համար հանդերձապահարաններ չեն նախատեսվել․ աշխատողների տնային հագուստը կախված է եղել բաց տարածքում։
Այսպիսով, չեն կատարվել Պարետի № Ց/17-2020 ցուցմամբ հաստատված ուղեցույցով սահմանված պարտադիր պահանջները։
Սուպերմարկետներից մեկի մասնաճյուղի գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու միջնորդագիր է ներկայացվել ՀՀ Պարետին։ Ձեռնարկվում են համապատասխան քայլեր։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կրկին հորդորում է տնտեսվարողներին՝ խստագույնս պահպանել Պարետի ցուցումով հաստատված դրույթները՝ ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։ Ուղեցույցով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար։
Խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծի հեռախոսահամարն է՝ 8107։
Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` http://hlib.am/20.03.2020.html հղումով։