Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողները, համատեղ հետախուզական միջոցառումներով օպերատիվ տվյալներ են ստացել, որ Գյումրու համայնքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի աշխատակիցներից մեկը համայնքապետարանի մեկ այլ աշխատակցի անունից, որպես ապօրինի վարձատրություն, Գյումրու մի բնակչից պահանջել է 100 դոլար՝ բնակարանի սեփականաշնորհման գործընթացն իրականացնելու համար, հայտնելով, որ հակառակ դեպքում գործընթացը չի իրականացվի։
Տեղեկություն ստանալուց հետք Գյումրու բնակիչը հրավիրվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հաղորդում տալու։ Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գյումրու համայնքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի աշխատակիցը պահանջած 100 դոլարը ծրարով ստանալու պահին բռնվել է ու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին։ Փողը կնոջ մոտից հայտնաբերվել և վերցվել է։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։