Ի շարունակություն նախօրեին Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ ունեցած հեռախոսազրույցի՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին:
Հայաստանի նախագահն անդրադարձել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում ձեռք բերված պայմանավորվածություններին և նշել, որ առաջիկա օրերի ընթացքում էմիրաթական կողմին կփոխանցվի ՀՀ առողջապահության նախարարության կազմած՝ անհրաժեշտ պարագաների ցանկը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-էմիրաթական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքին, կարևորվել փոխգործակցության ակտիվացումը սննդի անվտանգության ոլորտում, ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում:
Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին ասել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել կորոնավիրուսի դեմ պայքարին: «Կորոնավիրուսը մեծ մարտահրավեր է մարդկանց համար: Մենք պետք է համագործակցենք բոլոր երկրների հետ, խոսքը միայն ԱՄԷ-ի կամ Հայաստանի մասին չէ: Պետք է համատեղ աշխատենք այս վիրուսը կանգնեցնելու համար,- ասել է դեսպանը՝ նշելով, որ դրական արդյունքի հնարավոր է հասնել միայն տանը մնալով և սոցիալական հեռավորություն պահպանելով:- Շատ կարևոր է պահպանել սոցիալական հեռավորությունը ոչ միայն պաշտոնական հանդիպումների ընթացքում, այլ նաև՝ տանը երեխաների, ընտանիքի մյուս անդամների հետ»:
Հանրապետության նախագահի հետ դեսպանի հանդիպման ժամանակ նույնպես, ինչպես նախագահ Արմեն Սարգսյանի նախորդ հանդիպումների դեպքում, համապատասխան սոցիալական հեռավորություն է պահպանված եղել: