ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ այս պահին բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներ կան Լարսում և Բագրատաշենում:
«Բագրատաշենում հիմնականում խնդիրը կապված է Մառնեուլի շրջանի կարանտինի հետ, և այդ հատվածում թողունակությունը բավականին դանդաղ է: Թողունակության հետ կապված խնդիր ունենք նաև Լարսում։ Հայաստանի և Վրաստանի վարչապետների միջև այսօր նախատեսված է հեռախոսազրույց՝ իրավիճակին լուծում տալու համար»,- տեղեկացրեց փոխվարչապետը:
Ավինյանի խոսքով՝ կուտակումներն իրապես և՛ Հայաստան-Վրաստան սահմանին են, և՛ Լարսի անցակետում, և՛ Վրաստանի տարածքում:
«Կարծում եմ՝ մոտակա ժամանակ պետք է խաղի կանոններ սահմանենք, որպեսզի բեռնափոխադրումները որևէ կերպ չտուժեն: Այս խնդիրները կարգավորելու համար մենք ամենօրյա կապի մեջ ենք վրացի և ռուս գործընկերների հետ»,- հայտարարեց Տիգրան Ավինյանը:
Փոխվարչապետի խոսքով՝ բեռնափոխադրումների հետագա արգելքները կարող են ավելի խորացնել ճգնաժամը, և Հայաստանը տարբեր օղակներով աշխատում է ռուս և վրացի գործընկերների հետ՝ հարցերը օպերատիվ լուծելու համար: