Վիճկոմիտեն հրապարակել է հունվար-փետրվարի տնտեսական ցուցանիշները, և դրանք բավականին բարձր են, սակայն հիմա ավելի տխուր իրավիճակ է։ ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով 2020-ի առաջին եռամսյակի ցուցանիշներին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այս իրավիճակում Կառավարությունը նոր քայլեր է մշակում. ռազմավարությունը նույնն է՝ աշխատանքի քաջալերում։
Ինչ վերաբերում է հարկային հավաքագրումներին՝ Ն․Փաշինյանն ասաց, որ 2020-ի առաջին եռամսյակի պլանը կգերատարվի մոտ 5 մլրդ դրամով։ «Մյուս եռամսյակների հետ կապված, իհարկե, խնդիրներ ենք ունենալու, բայց պետք է ամեն ինչ անենք, որ դրանք քիչ լինեն, ուստի հարկային արձակուրդի գաղափարը եկեք չշրջանառենք։ Պետական գործառույթները պետք է կատարվեն, ուրիշ բան, որ մենք պետք է խթանենք հարկ վճարողներին, որ շահույթ ունենան և կատարեն պարտականությունները։ Նրանք, որոնք եկամուտ չունեն, հարկ չեն տալիս, ուստի պետք չէ ասել՝ ոնց հարկ տան, եթե չեն աշխատում»,- նշեց վարչապետը։
Նա հայտարարեց, որ 8 ամիս շարունակ ՀՀ-ում տնտեսությունը 7 տոկոս աճի ցուցանիշ է ունեցել, 7 ամիս՝ 8 տոկոսի։ «Հետհեղափոխական կառավարությունն ապացուցեց, որ կարող է կայուն և տևական տնտեսական աճի քաղաքականություն վարել, և հետվիրուսային շրջանում այդ աճի տեմպն ավելի լավն է լինելու»,- ասաց Փաշինյանը։