Խորհրդարանը քննարկում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է՝ առևտրային գովազդ հեռարձակելու իրավունքի վերականգնման հնարավորություն տալ Հանրային հեռուստաընկերությանը՝ 1 եթերաժամի համար 5 րոպե տևողությամբ։
Փոխնախարարը հստակեցրեց, որ անվճար սոցիալական գովազդ կարող է լինել 00:00-ից 18:00-ն, իսկ 18:00-ից 00:00-ն՝ վճարովի սոցիալական գովազդ։ Ըստ նրա՝ հովանավորի մասին գովազդ կարող է հեռարձակվել կրթադաստիարակչական հաղորդումների ընթացքում, որը չպետք է գերազանցի հաղորդման 2․5 տոկոսը։
Վ․Դանիելյանը հիշեցրեց, որ մինչև 2014 թվականը Հանրայինը հնարավորություն է ունեցել հեռարձակելու առևտրային գովազդ, որը չի գերազանցել հաղորդումների 7 տոկոսը, և դրանից առաջացած ֆինանսական միջոցները ծախսել իր կարիքների համար, սակայն 2015 թվականի հունվարի 1-ից հեռուստաընկերությունը զրկվել է այդ իրավունքից։