Այսօրվանից Հայաստանում առնվազն մեկ շաբաթով նոր սահմանափակումներ են գործում, հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվում է, թույլատրվում է միայն կենսական նշանակության ընկերությունների գործունեությունը: Այդ մասին ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ սահմանափակվում է նաև քաղաքացիների տեղաշարժը, փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է հստակ բացատրեն, թե ուր են գնում, և իրենց մոտ պետք է անպայման անձնագիր ունենան:
Փաշինյանը հայտարարեց, որ այսօրվանից գործելու են միայն խանութները, դեղատները և բանկերը, սակայն հորդորեց քաղաքացիներին օգտվել օնլայն ծառայություններից:
«Իմ կոչն ու խնդրանք է բոլորիդ՝ մաքսիմալ լրջությամբ վերաբերվել այս իրավիճակին, տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում՝ ունենալով անձնագիր կամ նույնականացման քարտ, երկու հոգուց ավելի խմբերով չհավաքվել անգամ բակերում, զրուցարաններում կամ թաղերում: Եվ ընդհանրապես, խստագույնս հետևել պարետատան բոլոր հրահանգներին:
Տանը մնալու ընթացքում պահպանել հակահամաճարակային հիգիենայի բոլոր կանոնները և հետևել առողջապահության նախարարության հրահանգներին»,- ասաց նա: