Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ պատգամավորները պահպանում են առողջապահության նախարարության ցուցումները։ Դիմակ ինքն անձամբ չի կրում՝ հետևելով առողջապահության նախարարության հորդորներին:
Մակունցի խոսքով՝ ԱԺ նիստեր չգումարելու կարիք չկա, նպատակահարմար չէ խորհրդարանը պարապուրդի մատնելը:
«Չեմ կարծում, որ նպատակահարմար է պարապուրդի մատնել Ազգային ժողովը։ Կյանքը ՀՀ-ում չի կարող կանգնել, պետք է ակտիվ աշխատենք։ Չենք կարող մեր աշխատանքները դադարեցնել»,- ասաց Մակունցը՝ ընդգծելով, որ նաև Ազգային ժողովում բոլոր նրանք, ովքեր տարիքի կամ առողջական վիճակի առումով խոցելի խմբում են, չեն հաճախում աշխատանքի։
«Նրանց բացակայությունը հարգելի է համարվելու, բայց աշխատանքներն ԱԺ-ն պետք է կատարի։ Աշխատակազմն ըմբռնումով է մոտենալու այն աշխատողներին, որոնք գալու հետ կապված կունենան խնդիրներ»,- նշեց Լիլիթ Մակունցը։