ՀՀ փոխվարչապետ, Հանրապետության պարետ Տիգրան Ավինյանն այսօր Ֆեյսբուքի ուղիղ եթերում ներկայացրել է կիրառվող սահմանափակումների տրամաբանությունը, հավելելով, որ ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի նաև Կառավարության պաշտոնական կայքում:
«Մինչ այս՝ մեր բոլոր ջանքերը եղել են միմիայն կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ...ամբողջական շղթայով դեռ կարողանում ենք հետևել, բայց մոտակա 7 օրերի ընթացքում պետք է խնդրենք, որ մնաք տանը, դուրս գաք տնից բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, գնաք այնտեղ, որտեղից սնունդ պետք է գնեք և շուտ վերադառնաք տուն։ Եթե պետք է գնաք աշխատանքի, պետք է խնդրենք պահպանեք հիգիենայի կանոնները և հետեւեք Առողջապահության նախարարության բոլոր ցուցումներին... Նոր տեխնիկական գործիքներ ենք կիրառելու՝ ավելի էֆեկտիվ հայտնաբերելու և կանխարգելելու կորոնավիրուսի դեպքերը։ Կառավարությունում տեղակայվել է որոնողական մի շտաբ, որն այս 7 օրերի ընթացքում պետք է էֆեկտիվորեն ամբողջական գործիքակազմը զարգացնի և հասցնի այն մակարդակի, որ մենք հնարավորություն ունենանք 7 օր հետո այս սահմանափակումներից դուրս գալ»,- ասել է Տիգրան Ավինյանը։