Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ:
Հայաստանի նախագահը և Կատարի էմիրը տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Նրանք համաճարակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևոր են համարել ջանքերի համատեղումը և համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։ Քննարկվել է նաև այդ ուղղությամբ միմյանց գործնական աջակցության հնարավորությունը:
Շնորհակալություն հայտնելով Հայաստանի հանդեպ բարեկամական վերաբերմունքի և աջակցության պատրաստակամության համար՝ նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի ավելի արդյունավետ պայքար ծավալել:
Նախագահ Արմեն Սարգսյանը և Կատարի էմիրը մտքեր են փոխանակել նաև հայ-կատարական երկկողմ հարաբերությունների և դրանց զարգացման ու ամրապնդման հեռանկարների վերաբերյալ: