Հայաստանում 18.30-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված 249 դեպք, որոնց մեծ մասը գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուսները՝ հանրապետության այլ բուժհաստատություններում: Նրանց մեծ մասը նույնիսկ ջերմություն չունի, և նրանց հիվանդանոցում գտնվելու պատճառը մյուսներին չվարակելն է: Այդ մասին ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ ունենք 65-ից բարձր տարիքի 11, 70-ից բարձր՝ 5, 80-ից բարձր պացիենտ չկա: «Թոքաբորբ տանող 30 հիվանդ ունենք, 5-ը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են, նրանցից 1-ի՝ 77-ամյա մեր հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը՝ ծանր: 868 մեկուսացված քաղաքացի ունենք, 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում»,- հայտարարեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի տարածման դեպքեր ունենք Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում:
Վարչապետը նշեց, որ աշխարհում ավելի քան 350 հազար կորոնավիրուսի հաստատված դեպք կա, ավելի քան 16 հազար՝ մահվան դեպք: «Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ վիրուսն անվտանգ է երեխաների, երիտասարդների համար, խոցելի են տարեցները և քրոնիկ հիվանդություն ունեցողները: Ուստի պետք է ամեն ինչ անենք, որ մեր ծնողները, տատիկները, պապիկները խուսափեն վարակից: Պետք է ամեն ինչ անենք՝ մահվան ելքով դեպքերից խուսափելու համար: Հենց սրան է ուղղված եղել մեր գործողությունները»,- ասաց Փաշինյանը:
Նա հայտարարեց նաև, որ այսօր տուն է վերադառնում վարակից բուժված 4 և մեկուսացված 37 քաղաքացի: