ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ հայրենակիցներ և կուսակից ընկերներ,
Մարտ ամիսը Հայաստանի հանրապետական կուսակցության երկու երախտավորների` երկու լուսահոգի առաջնորդների, պետական և ազգային գործիչների հիշատակի ամիսն է:
Մարտի 25-ը ՀՀԿ նախկին նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան օրն է, իսկ մարտի 28-ին նշում ենք ՀՀԿ հիմնադիր նախագահ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրը: Այս տարի Աշոտ Նավասարդյանը կդառնար 70 տարեկան:
Հաշվի առնելով համավարակի պատճառով երկրում ստեղծված իրավիճակը և հայտարարված արտակարգ դրությունը՝ խնդրում և հորդորում ենք կուսակցական ընկերներին, ինչպես նաև ամեն տարի մարտի 25-ին՝ Կոմիտասի անվան պանթեոն, իսկ մարտի 28-ին՝ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելող` Անդրանիկ Մարգարյանի և Աշոտ Նավասարդյանի ընկերներին, մերձավորներին, նախկին գործընկերներին, անվանի պետական, քաղաքական գործիչների հանդեպ մեծագույն հարգանք տածող բազմաթիվ անհատներին` այս տարի ձեռնպահ մնալ Կոմիտասի անվան պանթեոն և Եռաբլուր պանթեոն այցելություններից: Մնանք տանը և լուսահոգի երկու վառ անհատականությունների` Անդրանիկ Մարգարյանի ու Աշոտ Նավասարդյանի հիշատակին մեր հարգանքի տուրքը մատուցենք` աղոթելով նրանց հոգիների հանգստության համար:
Միաժամանակ կոչ ենք անում բոլորին` մեծագույն վտանգ և լուրջ մարտահարավեր դարձած համավարակի այս ժամանակաշրջանում առավելապես հոգ տանել միմյանց նկատմամբ, ցուցաբերել սոցիալական մեծ պատասխանատվություն, պետական մտածողություն և քաղաքացիական բարձր գիտակցություն` համատեղ ուժերով հաղթահարելու ստեղծված իրավիճակը և երկիրը վերադարձնելու կյանքի բնականոն հուն»: