ԱԺ-ը քննարկեց Կառավարության ներկայացրած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոփոխություններ կատարելու հիմնական նպատակը տեղեկատվության հրապարակման, հաշվետվության ներկայացման ընդլայնումն է: ՀԿ-ները պետք է հրապարակեն տվյալներ ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր միջոցներ ստանալու պարագայում՝ Ազգային ժողովի նիստում այսօր հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ նախագիծը լրամշակվել է՝ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանի և Կառավարության ներկայացրած առաջարկությունների հիման վրա:
«Ընդունվել է պատգամավորի առաջարկը, ըստ որի ՀԿ-ի հասցեն կարող է հրապարակվել, եթե դա ցանկանում է ինքը՝ ՀԿ-ն: Այսինքն՝ կամավորության հիմունք ենք ներմուծում՝ հաշվի առնելով ՀԿ-ի գործունեության ոլորտի յուրահատկությունը»,- ասաց Դավիթ Անանյանը: