Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար կիրառվող վերահսկողությունների միջոցառումների վերաբերյալ որոշակի հեգնանք կա՝ գրում է Forbes-ը: Համաճարակը սկիզբ է առել Չինաստանում: Այս երկիրը, որն ունի բնակչության հսկողության ամենածավալուն հնարավորություններն աշխարհում, կարողացավ այն անմիջապես գործարկել: Տվյալների վերլուծությունը, դիմային ճանաչումը, մարդկանց հետևելու բջջային հավելվածները, նույնիսկ դրոնները: Պետությունը տեղեկություն է ստանում, թե մարդը որ պահին որտեղ է գտնվում, ում հետ և որտեղ է եղել:
Մենք ընտելացել ենք Չինաստանի նմանատիպ պատմություններին: Վերջին 2-3 տարիների ընթացքում մենք անթիվ զեկույցներ ենք կարդացել արտակարգ ռեժիմի պայմաններում ներքին վերահսկողության հնարավորությունները կիրառելու մասին: Տեղեկատվության, համացանցի ու տնտեսության զանգվածային վերահսկողությունը ամենևին էլ անակնկալ չէ:
Այնուհետև՝ մենք լսում ենք պետական վերահսկողության նմանատիպ պատմություններ Հարավային Կորեայից ու Սինգապուրից: Իհարկե՝ առավել թափանցիկ, սակայն՝ պարտադրող ու ծավալուն: Իհարկե, այդ պարագայում մշակութային տարբերություն կա: Այն, ինչ կատարվում է Ասիայում, լրիվ տարբերվում է նրանից, թե ինչ է տեղի ունենում ԱՄՆ-ում և Եվրոպայում:
Բոլորիս մեջ հարց է առաջանում՝ որքան կտևի այս ամենը: Եթե այս ամբողջ վերահսկողությունը երկարատև լինի, ապա դա յուրաքանչյուրիս մոտ հզոր հակազդեցություն կառաջացնի մեր անվտանգության ու գաղտնիության հարցի վերաբերյալ: Բոլոր այս տեխնոլոգիաները ստեղծված են, արդեն գոյություն ունեն, հետևաբար՝ կարող են նաև կիրառվել: