ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կոչ է անում խստորեն պահպանել արտակարգ դրության ռեժիմի պարետի որոշումներով նախատեսված պահանջները՝ այս մասին Բադասյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Սիրելի՛ հայրենակիցներ, հրապարակվել են Պարետի հետևյալ որոշումները. 1. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ (bit.ly/2UxYVll) և 2. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ (bit.ly/39hJnaJ):
Կոչ եմ անում բոլորիս խստորեն պահպանել այս որոշումներով նախատեսված պահանջները՝ առողջապահության ոլորտում օրուգիշեր աշխատող մեր գործընկերներին օգնելու համար»,- գրել է Բադասյանը:
Նախարարը հավելել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վաղվանից մինչև մարտի 31-ը նախարարությանը ենթակա մարմինների սպասարկման գրասենյակները չեն գործելու, քիչ անց կհրապարակեն նաև Արդարադատության նախարարության գործող հեռախոսահամարների, կայքէջերի, էլեկտրոնային փոստի հասցեների և կապի այլ միջոցների վերաբերյալ տվյալներ, որոնց միջոցով հնարավոր կլինի արձագանքել քաղաքացիների անհետաձգելի կարիքներին: