ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դիմել է մոլորակի բնակչությանը՝ հորդորելով դադարեցնել հակամարտություններն ամբողջ աշխարհում, հրադադար հաստատել ու համախմբվել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շուրջ, գրում է The Hill պարբերականը:
«Ժամանակն է վերջ դնել զինված հակամարտություններին և միասնաբար կենտրոնանալ մարդկանց կյանքերի փրկության համար մղվող իրական պայքարին: Այս վիրուսի համար գոյություն չունեն էթնիկ կամ ազգային տարբերություններ, կուսակցություն կամ կրոն։ Այն թիրախավորում է բոլորին։ Աշխարհում շարունակվում են զինված հակամարտությունները։ Եվ ամենախոցելի խմբերը՝ կանայք և երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք, տեղահանվածները, վճարում են ամենաբարձր գինը։ Պատերազմներից տուժած երկրներում առողջապահության համակարգը քայքայված է։ Եկեք վերջ տանք պատերազմներին և պայքարենք վարակի դեմ, որն ավերում է մեր աշխարհը»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքը հատկապես ուղղված է այն երկրներին, որտեղ տեղի են ունենում հակամարտություններ: Սիրիայում, Եմենում ու Լիբիայում առողջապահության համակարգերն ու ենթակառուցվածքները քայքայված են: