Արցախի նախագահ Բակո Սահակյանն անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն` պետական մարմինների, շրջվարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող մարմինների կողմից կատարվող աշխատանքը:
Երկրի ղեկավարն ընդգծել է հանրապետությունում համաճարակային վիճակի մշտական դիտարկման, վարակի տարածման դեմ բոլոր կանխարգելիչ և կազմակերպչական միջոցառումների օպերատիվ իրականացման անհրաժեշտությունը: Բակո Սահակյանը նշել է նաև բնակչության կողմից կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված բոլոր կանոններին հետևելու կարևորությունը, որն իր հերթին հիմք կհանդիսանա համատեղ ջանքերով կանխելու բացասական զարգացումներն Արցախում:
Նախագահը հանձնարարականներ է տվել ներկաներին՝ քննարկված հարցերին համակարգված և արդյունավետ լուծում տալու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք: