Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ չնայած Հայաստանում իրականացվող պայքարի տարբեր եղանակներին ու կիրառվող խիստ միջոցներին՝ մտահոգիչ է, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել:
«Ինչպես տեղյակ եք, օրեր առաջ մեր քաղաքական թիմը հրաժարվել էր փակ տարածքներում ինտենսիվ հանդիպումների անցկացումից, սակայն, հաշվի առնելով օրըստօրե վարակի ներթափանցման ու տարածման վտանգը, որոշում ենք կայացրել մարտի 25-ին եզրափակել մեր հանդիպումները նաև բաց տարածքներում:
Հայցում ենք մեր այն բոլոր հայրենակիցների ներողամտությունը, որոնց հետ չհասցրեցինք հանդիպել: Իրավիճակով պայմանավորված՝ մեկ օրով հետաձգում եմ նաև մարտի 25-ին նախատեսված առցանց ասուլիսը: Իսկ այսօր կլինեմ Մարտունի քաղաքում, որտեղ ժամը 18:00-ին «Ավագյան արենա» մարզադաշտում հանդիպում կունենամ շրջկենտրոնի բնակչության հետ: Նախընտրական «ձևավորված ավանդույթի» համաձայն՝ պատրաստվում եմ մի քանի ուշագրավ հայտարարություններ անել: Հանդիպմանը կարող եք հետևել իմ ֆեյսբուքյան էջով՝ ուղիղ տեսակապի միջոցով:
Առողջություն և խաղաղություն բոլորիս»,- գրել է Հարությունյանը: