«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց ԱԺ նիստին իր հնչեցրած առաջարկի մասին՝ նշելով, որ այն առաջացել է վարչապետի երեկվա հայտարարած խստացումներից հետո:
Մարուքյանը կրկին նշեց, որ ԱԺ օրակարգում չկան հրատապ հարցեր, և խորհրդարանը կարող է համաձայնության արդյունքում քվորում չապահովել ու նիստեր չգումարել:
«Առաջարկում էի Ազգային ժողովի խորհուրդը, այսինքն՝ ես մեկը, նախագահը, փոխխոսնակը, հանձնաժողովների նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները, մնացածին ուղարկենք տուն և օպերատիվ կապի միջոցներով կամ պահենք միմյանց հետ, և, եթե կարիք լինի, հավաքվենք նիստ անենք: Դրա մասին էր առաջարկը, ոչ թե նրա մասին, որ ես գնամ տանը նստեմ, ինչ-որ մեկը աշխատի»,- նշեց Մարուքյանը:
Պատգամավորը նշեց, որ հիգիենայի կանոնները պահպանում է, դիմակ չի կրում, քանի որ կարծում է, որ այն անարդյունավետ է: Մարուքյանը նաև նշեց, որ ողջունում է վարչապետի հրահանգը, որ սրճարանները, ռեստորանները չաշխատեն. «Երբ մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, մի՛ հավաքվեք, այդ կանոնը պետք է վերաբերի բոլորին, ես շատ եմ լսել, սոցցանցերում էլ ասում են՝ եթե խնդիր լինի խորհրդարանում, նիստեր չեն անի, եթե նիստեր են անում, իրենք լուրջ չեն վերաբերվում, երբ իրենք լուրջ չեն վերաբերվում, քաղաքացիներն ինչո՞ւ պետք է լուրջ վերաբերվեն»,- նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը: