ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի քաղաքացիներ,
Մեր երեխաների կրթության ապահովումը նույնիսկ արտակարգ դրության պայմաններում մեր բոլորի հոգածության ամենակարևոր առարկաներից մեկը պիտի լինի։
Ուստի հեռավար դպրոցական ուսուցումն առավել մեծ թվով երեխաների համար հասանելի դարձնելու նպատակով Ազգային ժողովի համակարգիչներից 85-ը կտրամադրվեն դրանց կարիքն ունեցող դպրոցներին (համաձայն ԿԳՄՍ նախարարության կողմից կազմվելիք ցանկի)։
Կարծում եմ, որ կգտնվեն բազմաթիվ պետական ու մասնավոր այլ կազմակերպություններ, ինչպես նաև անհատներ, որոնք ունեն աշխատանքային վիճակում գտնվող, բայց չօգտագործվող համակարգիչներ։ Ինձ թույլ կտամ նաև կոչ անել այդպիսի կազմակերպություններին միանալ այս նախաձեռնությանը։
Առողջ եղեք:
Հոգ տարեք միմյանց մասին»: