Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը:
«Սիրելի հայրենակիցներ, ներկայացնում եմ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը:
Խնդրում եմ առաջարկությունները և դիտողությունները ներկայացնել մինչև ս.թ. մարտի 24-ը՝ ժամը 18:00-ն, դրանք ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:
1. Միջոցառման նպատակը
Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ առանձին տնտեսվարողների (այսուհետ՝ տնտեսվարողներ) մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը:
2. Օժանդակության նպատակը
Օժանդակության նպատակն է տնտեսվարողների համար ժամանակ շահելու հնարավորություն ստեղծել՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու որոշումների կայացման համար։
3. Տնտեսվարողների շրջանակը
Սույն միջոցառման իմաստով տնտեսվարող է համարվում ՀՀ տարածքում գործող ցանկացած ռեզիդենտ մասնավոր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների), որն առևտրային գործունեություն է ծավալել ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում, ունի բարվոք վարկային և հարկային պատմություն:
4. Օժանդակության ձևերը
4.1. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսվարողներին՝ ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսհուհետև՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Օժանդակության նախատեսվող ձևերով նպատակ է հետապնդվում լուծել․
- Համաֆինանսավորում․ վարկի գծով տնտեսվարողի մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի, արժութային ռիսկի մասնակի չեզոքացման, ինչպես նաև տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները:
- Վերաֆինանսավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ արժութային ռիսկի ամբողջական չեզոքացման, ինչպես նաև տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները:
- Սուբսիդավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ տոկոսային ծախսերի էական նվազեցման խնդիրը:
4.2. Յուրաքանչյուր տնտեսավարողի համար կիրառելի է օժանդակության ձևերից միայն մեկը։
5. Օժանդակության գործիքների ներքո ստացվելիք վարկերի նպատակը
Օժանդակության ձևերը կիրառելի են այն վարկերի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետևյալ ծախսերի իրականացման նպատակով․
- տնտեսվարողի աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ, բայց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 500 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար (այսուհետ՝ աշխատակիցների վարկեր).
- պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումներ (այսուհետ՝ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վարկեր).
- հումքի գնում կամ ներմուծում, պայմանով, որ հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում՝ պատրաստի արտադրանք ստանալու նպատակով և տնտեսվարողը տնօրինում է անհրաժեշտ և համապատասխան արտադրական հզորություններ (այսուհետ՝ հումքի վարկեր).
- սարքերի և սարքավորումների ներմուծում, պայմանով, որ տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով (այսուհետ՝ սարքավորումների վարկեր),
- հանրային ծառայությունների վճարումներ (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում, բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավել, քան ամսական 5 000 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար (այսուհետ՝ կոմունալ վճարների վարկեր).
- առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծում, պայմանով, որ գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի Հայաստանում (այսուհետ՝ սննդի վարկեր):
6. Օժանդակության գործիքների ներքո տրամադրվելիք վարկերի նկատմամբ հիմնական պահանջները
Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝
- արժույթը՝ ՀՀ դրամ, համաֆինանսավորման գործիքի դեպքում ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվելիք մասը կարող է լինել նաև արտարժույթով.
- ժամկետը՝ մինչև 24 ամիս.
- մեկ տնտեսավարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի առավելագույն գումարը՝ 500 մլն. ՀՀ դրամին համարժեք, և մեկ տնտեսավարողի համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը չեն կարող գերազանցել՝ 250 մլն. ՀՀ դրամը.
- վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով.
- առավելագույն ինտեգրալ տոկոսադրույքը 0%-ից մինչև 6% տարեկան (6%-ից ոչ ավել)՝ կախված կիրառվող օժանդակության գործիքի համար սույն միջոցառմամբ սահմանված կանոնից:
7. Օժանդակության գործիքների ներքո վարկեր տրամադրող կառույցները
7.1. Վարկերը կտրամադրվեն ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից:
7.2. Օժանդակության գործիքների կիրառման ընթացակարգը կսահմանվի ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության համատեղ ակտով:
8. Օժանդակության գործիքների բովանդակության նկարագրությունը
Սույն միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով ցանկացած տնտեսվարող, որը համապատասխանում է միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում վարկառուի ցանկությամբ սույն միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն կիրականացվի՝
- վարկի համաֆինանսավորում` մայր գումարի որոշակի չափով, վարկի նույն ժամկետով, համաֆինանսավորման մասի 0% տոկոսադրույքով, վարկի մայր գումարի վերադարձի մասով՝ մասնակի ռիսկի ստանձնմամբ, կամ
- վարկի վերաֆինանսավորում՝ մայր գումարի որոշակի չափով (սույն միջոցառմամբ սահմանված առանձին դեպքերում՝ ամբողջությամբ), վարկի նույն ժամկետով, 0% տոկոսադրույքով՝ առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման, կամ
- վարկի սուբսիդավորում՝ տվյալ վարկի տոկոսների որոշակի չափով (սույն միջոցառմամբ սահմանված առանձին դեպքերում՝ ամբողջությամբ), վարկի ողջ ժամկետի համար՝ առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման:
9. Օժանդակության գործիքների կիրառման սահմանաչափերը՝ կախված վարկի նպատակից.
վարկի նպատակ համաֆինանսավորման չափ:
Համաֆինանսավորման, վերաֆինանսավորման, սուբսիդավորման չափերը.
ա) աշխատակիցների աշխատավարձեր
- համաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս
- վերաֆինանսավորման չափ՝ 100 տոկոս
- տոկոսի սուբսիդավորում՝ ամբողջությամբ:
բ) հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ
- համաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս
- վերաֆինանսավորման չափ՝ 100 տոկոս
- տոկոսի սուբսիդավորում՝ ամբողջությամբ:
գ) սարքավորումներ
- համաֆինանսավորման չափ՝ 25 տոկոս
- վերաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս
- տոկոսի սուբսիդավորում՝ 5 տոկոս
դ) հումքի գնում
- համաֆինանսավորման չափ՝ 40 տոկոս
- վերաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս
- տոկոսի սուբսիդավորում՝ 6 տոկոս
ե) կոմունալ վճարներ
- համաֆինանսավորման չափ՝ 45 տոկոս
- վերաֆինանսավորման չափ՝ 90 տոկոս
- տոկոսի սուբսիդավորում՝ 10 տոկոս
զ) սննդի ներմուծում
- համաֆինանսավորման չափ՝ 30 տոկոս
- վերաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս
- տոկոսի սուբսիդավորում՝ 8 տոկոս
ա), բ), ե) կետերի դեպքում՝ պայմանով, որ ֆինանսական կառույցի առավելագույն ինտեգրալ %-ը կկազմի 12%, իսկ վարկի իր մասի արժույթը կլինի ՀՀ դրամ:
գ), դ), զ) պայմանով, որ ֆինանսական կառույցի առավելագույն ինտեգրալ %-ը կկազմի 12% ՀՀ դրամով, իսկ արտարժույթով՝ 9%»: