Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր Վրաստանի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության ու նաև Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, որը Բագրատաշենի անցակետին հարող հատվածում դարձել է բեռնատարների մեծ կուտակման պատճառ։
Վրացական կողմի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 23-ին, ժամը 21։00-ից սկսած, Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար։
Մառնեուլի շրջանում մտցված կարանտինային ռեժիմի պատճառով բեռնատարները Մառնեուլի մոտակայքում կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, առանց կանգառի կշարունակեն իրենց ընթացքը (կանգառ կթույլատրվի միայն Մառնեուլի շրջանից դուրս)։