Չինաստանում կորոնավիրուսի բռնկման կենտրոն հանդիսացող Ուհանը սկսել է թուլացնել իր երկամսյա մեկուսացումը քաղաքացիների համար՝ հայտնում է Guardian-ը: Քաղաքում սահմանափակւոմները թուլացվել են, քանի որ ամեն օր ավելի շատ երկրներ են միջոցառումներ ձեռնարկում համաճարակը կանխելու համար:
Շաբաթներ շարունակ տանը մեկուսացած լինելուց հետո առաջին անգամ Չինաստանի այս քաղաքի բնակիչները դուրս են եկել իրենց բնակավայրերից, շրջել են փողոցներով, մթերային խանութներ են այցելել: Հանգստյան օրերին վերջին երկու ամսում առաջին գնացքն է ժամանել Ուհան՝ քաղաք բերելով ավելի քան 1000 աշխատողի այլ շրջաններից:
Կիրակի տեղական իշխանությունները հայտնել են, որ բնակիչները կարող են սկսել վերադառնալ աշխատանքի, եթե ջերմություն չունեն, և կարող են տրամադրել առողջության կանաչ կոդ՝ նշելով իրենց մոտ վիրուսի բացակայությունը, ինչպես նաև ուղեգիր գործատուից: Պաշտոնյաներն ասում են, որ քաղաքը «աստիճանաբար» կվերաբացվի, և հասարակական տրանսպորտը կվերսկսի աշխատանքը:
Քաղաքի իշխանությունները նաև հայտնել են, որ նրանք, ովքեր քաղաքի բնակիչ չեն և Ուհանում են մնացել հունվարի 23-ից, երբ ճանապարհորդության խիստ սահմանափակումներն ուժի մեջ են մտել, կարող են դիմել քաղաքից հեռանալու համար:
Չնայած վերջին շաբաթների ընթացքում Չինաստանում պաշտոնապես հաղորդվող լոկալ վարակների թիվը կտրուկ նվազել է, սակայն աճել է նորմուծվածների թիվը:
Այսօր Չինաստանը հաղորդել է 39 նոր դեպքի մասին, որոնք բոլորը ներթափանցած դեպքեր են՝ իր հաղորդագրության մեջ հայտնել է Առողջապահության ազգային հանձնաժողովը:
Կիրակի Չինաստանը կարգադրեց, որ Պեկին ուղևորվող բոլոր միջազգային չվերթներն այլ քաղաքներ ուղղվեն, որտեղ ուղևորները ստուգում կանցնեն՝ նախքան մայրաքաղաքը մեկնելը: Շանհայը և Գուանչժոուն հայտարարել են, որ թեստերով կստուգեն արտերկրից բոլոր ժամանողներին:
Որ Չինաստանում կյանքը սկսում է նորմալ հունի մեջ մտնել, փաստում են այսօր առավոտյան Պեկինում գրանցված խցանումները:
Այժմ Չինաստանում գրանցվել է ավելի քան 81,000 դեպք: Զոհերի թիվը 3,270 է, իսկ ապաքինվածներինը՝ 72.703: