Ազգային ժողովում քննարկվում է Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների օրենսգրքում լրացումների փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
«Տույժի ենթարկվելուց հետո մեկ օրվա ընթացքում արտակարգ դրության սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտմամբ տարածած հրապարակումը չհեռացնելը կրկին տուգանք է սահմանում՝ նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով: Լրացվում է նաև արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը»,- ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Արդարադատության նախարարը ներկայացրեց, որ փաթեթով նախատեսվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման և տարածման կանոնները խախտելը: «ԶԼՄ» հասկացությունը փոխարինվել է «լրատվական գործունեություն իրականացնող» հասկացությամբ, որպեսզի ավելի լայն ընդգրկում ունենա:
Կառավարությունն այս պահին քննարկում է խոսքի ազատության սահմանափակման փոփոխություն կատարելու նախաձեռնությունը:
Արդարադատության նախարարը ներկայացրեց նաև, թե ինչ բացատրություն է տրվել ինքնամեկուսացման և մեկուսացման հասկացություններին:
«Մեկուսացում է համարվում անձանց՝ այդ թվում հիվանդի կամ վարակվածի, նրանց հետ շփված անձանց կոնտակտավորների առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով: Ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում՝ հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց կոնտակտավորների առանձնացումը իրենց մշտական բնակության կամ նախընտրությամբ մեկ այլ վայրում այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով»,- ներկայացրեց Բադասյանը:
«Քրեական օրենսգրքում» առաջարկվում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները, ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում: Այդ դեպքում որպես պատիժ նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա: