«ՀՀ ոստիկանության հոսպիտալում ևս կազմակերպվել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժման գործընթաց, և այժմ էլ ոստիկանության հոսպիտալում բուժվող ՀՀ 59 քաղաքացի ունենք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:
Նա տեղեկացրեց, որ ոստիկանության բոլոր ստորաբաժանումներում կազմակերպվել է հակահամաճարակային կանոնների պահպանման գործընթաց, և սահմանված կարգով անձնակազմը ամբողջությամբ անցնում է ստուգում՝ ջերմություն ունենալու դեպքում աշխատակցին ուղղորդում են բուժվարչություն, և եթե հարկ կա՝ ինքնամեկուսացնում են: Ոստիկանության պետի տեղակալը նշեց նաև, որ եղել են նաև ոստիկաններ, որոնք կորոնավիրոսի թեստ են հանձնել, և ամեն ինչ նորմալ է, հաստատված որևէ դեպք չկա: Միայն մեկ ոստիկանի ընտանիք Ծաղկաձորում հսկողության տակ է:
Մհրյանը անդրադարձավ կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկությունների տարածմանը: «Պարետի ցուցումով՝ մենք հորդորել ու խնդրել ենք, որ լրատվամիջոցները և օգտատերերը իրենց կայքերից և էջերից հեռացնեն այն տեղեկությունները, որոնք չեն բխում պաշտոնական տեղեկատվությունից»,- ասաց Մհրյանը: