ԱԺ-ն արտահերթ նիստում այսօր քննարկվեց և երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցում ԶԼՄ հասկացությունը փոխարինվել է «լրատվական գործունեություն իրականացնողներ» բառերով, որ օրենքը ավելի լայն ընդգրկում ունենա։
«Տույժի ենթարկվելուց հետո մեկ օրվա ընթացքում արտակարգ դրության սահմանված՝ տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտմամբ տարածած հրապարակումը չհեռացնելը կրկին տուգանք է սահմանում՝ նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով: Լրացվում է նաև արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը»,- ասաց արդարադատության նախարարը:
Նախարարը ներկայացրեց, որ Կառավարությունում էլ քննարկվում է խոսքի ազատության սահմանափակման փոփոխություն կատարելու նախաձեռնությունը: