COVID-19 կորոնավիրուսային համաճարակի պատճառով Կանադան և Ավստրալիան հրաժարվել են մասնակցել Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին: Երկու պետությունների ազգային օլիմպիական կոմիտեները հայտարարել են, որ նպատակահարմար չեն համարում շարունակել նախապատրաստությունները 2020-ի Օլիմպիադային: Կանադացի մարզիկները չեն մասնակցի նաև Պարալիմպիկ խաղերին:
Ավստրալիայի ազգային օլիմպիական կոմիտեն էլ հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ մարզիկները պետք է առաջնահերթություն տան իրենց և մյուսների առողջությանը:
Կանադան և Ավստրալիան Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) կոչ են արել մեկ տարով հետաձգել ամառային Օլիմպիական խաղերը, որոնք ծրագրված են հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:
Տոկիոյի ամառային Օլիմպիադայի տեղափոխումը չի բացառել նաև Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: «Մարզիկների առողջությունը առաջնային է»,- ասել է նա խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ, բայց և ընդգծել է, որ իրադարձությունը չեղյալ հայտարարելու մասին խոսք լինել չի կարող: