ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն ասուլիսի ընթացքում արտակարգ դրության ընթացքում ոստիկանության գործողությունները բաժանեց երկու փուլի: Նա նշեց, որ առաջին փուլով Իրանից եկող բեռնատար մեքենաների վարորդներին թույլ չեն տվել կոնտակտի մեջ մտնել ՀՀ քաղաքացիների հետ: Փոխոստիկանապետի խոսքով՝ ուղեկցումները կատարվում են խմբերով՝ սահմանից դեպի տերմինալ:
Հաջորդ փուլով, ըստ Մհրյանի, Առողջապահության նախարարության հետ իրականացրել են այն անձանց մեկուսացումը, որոնք հնարավոր վարակակիր կարող են լինել:
«Երկրորդ փուլով մեր գործողությունները սկսվեցին, երբ Հայաստանում հայտարարվեց արտակարգ ռեժիմ: Ավելացան մեր կայուն պահակակետերը, որտեղ հնարավոր վարակակիրներին ենք տեղաբաշխում: Իրականացնում ենք նաև ինքնամեկուսացված քաղաքացիների հսկողությունը հեռախոսակապի միջոցով՝ տեղեկություններ ստանալով Առողջապահության նախարարությունից»,- ասաց Մհրյանը:
Նա նաև նշեց, որ Էջմիածին քաղաքում մեկուսացումն իրականացվել է 28 պահակակետով: Տեղեկացրեց, որ պարետի ցուցումով հանձնարարություն ստանալուց հետո հսկողություն են իրականացնում նաև հուղարկավորություն կազմակերպող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ համագործակցելով ինքնակառավարման մարմինների հետ:
«Սկսեցինք տեղեկատվություն հավաքել այն տնտեսվարող սուբյեկտներից, որոնք իրականացնում են հուղարկավորություն, տարբեր միջոցառումներ: Ոստիկանությունը ցուցումը ստանալուց հետո 1351 իրազեկում է ուղարկել նմանատիպ սուբյեկտներին, որոնցից 1133-ը զվարճանքի և ժամանցի վայրեր էին, իսկ 126-ը՝ հոգեհանգստի սրահներ: Երեկվա դրությամբ հոգեհանգստի և հուղարկավորության 115 միջոցառումներ է սպասարկվել, և պահպանվել է 20 հոգու սահմանափակման ռեժիմը»,- ասաց Մհրյանը:
Նշեց նաև, որ ցուցումներ են ուղարկվել օբյեկտներին, որոնք պետք է պարետի ցուցումով դադարեցնեին իրենց աշխատանքը: