Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։
Քննությանը հայտնի տվյալներով՝ տնօրենն իր ազգականներից մեկին 2017 թվականին հրամանագրել է որպես պահակ։ Նա աշխատանքի չի ներկայացել, սակայն աշխատավարձ է դուրս գրվել։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ տնօրենի ամուսինը, որը դպրոցում հրամանագրված է եղել պահակ, ապա՝ էլեկտրիկ, 2016-2019 թվականների ընթացքում աշխատանքի չի ներկայացել, սակայն աշխատավարձ է դուրս գրվել։
Հիշյալ ապօրինությունների հետևանքով, նախնական հաշվարկով, պետությանը պատճառվել է 3 միլիոն 150 հազար դրամից ավելի վնաս։ Դեպքերի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։