Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ինքնամեկուսացել է, երբ հայտնի է դարձել, որ Գերմանիայի առաջնորդն անցած ուրբաթ շփում է ունեցել մի բժշկի հետ, որի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել: Այդ պատճառով Գերմանիայի կանցլերը որոշել է որոշ ժամանակ անցկացնել ինքնամեկուսացման մեջ՝ բացառելով այլ մարդկանց հետ շփումը: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով կառավարության մամուլի ծառայությանը:
Հաղորդվում է, որ նույնիսկ տան կարանտինում գտնվելիս կանցլերը կշարունակի կատարել իր պարտականությունները:
Հատկանշական է, որ Գերմանիայում խստացվել են կարանտինային միջոցառումները: Տեղի բնակիչներին արգելվել է հասարակական վայրերում հավաքվել երկու հոգուց ավելի, իսկ հասարակական տրանսպորտում ուղևորները պետք է միմյանցից մոտ 2 մ հեռավորություն պահպանեն:
Հիշեցնենք, որ Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 24 հազար դեպք: Վարակի զոհ է դարձել 94, ապաքինվել՝ 266 մարդ:
Մինչ օրս ամբողջ աշխարհում COVID-19 վարակի դեպքերի թիվը 338 հազար է: