ԱՄՆ-ը կորոնավիրուսով վարակի դեպքերի քանակով շրջանցեց Իսպանիային: Նահանգներում Covid-19-ով վարակվել է 35.000 մարդ, որոնցից 178-ը ապաքինվել է, 417-ը՝ մահացել:
Նախագահ Դոնալդ Թրամփը ակտիվացրել է Ազգային գվարդիան Նյու Յորքում, Կալիֆոռնիայում և Վաշինգտոնում՝ կորոնավիրուսից ամենաշատը տուժած երեք նահանգներում: Նա հայտնել է, որ լրացուցիչ պարագաներ կուղարկվեն երեք նահանգներ:
Թրամփը նաև հայտնել է, որ իր հրահանգով Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությանը «բժշկական կայաններ» է ստեղծել այդ երեք նահանգներում:
«1000 մահճակալով չորս խոշոր բժշկական կայաններ՝ Նյու Յորքի համար, 2000 մահճակալով ութ խոշոր դաշնային բժշկական կայաններ՝ Կալիֆոռնիայի համար, և երեք մեծ ու չորս փոքր դաշնային բժշկական կայաններ, որոնք ունեն 1000 մահճակալ Վաշինգտոնի համար»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Նյու Յորքը հիմնական թեժ կետերից է, այստեղ է գրանցվում ամբողջ աշխարհի դեպքերի 5%-ը: Կիրակի Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոն հայտնել է, որ հիվանդանոցային պարագաները, ներառյալ օդափոխիչները, դիմակները և վիրաբուժական ձեռնոցները կսպառվեն առաջիկա 10 օրերի ընթացքում:
Կիրակի երեկոյան քաղաքը «կանգնեց», երբ նահանգապետ Էնդրյու Կուոմոն հրամայեց փակել նահանգի բոլոր ոչ հիմնական բիզնեսները: Բացառությամբ հիմնական ծառայությունների՝բոլոր նյույորքցիներին կարգադրվել է երեկոյան 8-ից հետո դուրս չգալ տնից:
Երեկ օրվա ավարտին Ամերիկայում երեքից մեկին հանձնարարված էր տանը մնալ, քանի որ Օհայոն, Լուիզիանան և Դելավերը դարձան վերջին նահանգները, որոնք ընդունեցին խիստ սահմանափակումներ: