Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, որը 23 տարվա ազատազրկման դատապարտվեց բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեղադրանքով, բանտում վարակվել է կորոնավիրուսի նոր տեսակով:
Այժմ ԱՄՆ քրեակատարողական համակարգի ներկայացուցիչները փորձում են պարզել, թե որտեղից է պրոդյուսերը վարակվել: Վայնշտեյնը կորոնավիրուսի թեստ է հանձնել Նյու Յորքի նահանգի Ուենդի բանտում և դրական պատասխանից հետո անմիջապես մեկուսացվել է: Այդ բանտում, սակայն, կա վարակի հաստատված միայն երկու դեպք, ինչն էլ հիմք է տվել ենթադրելու, որ Վայնշտեյնը վարակվել է Ռայկերսի բանտում, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի մոտ 40 դեպք:
Քննարկվում է նաև պրոդյուսերի վարակման երրորդ տարբերակը՝ Նյու Յորքի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրան ուղարկել էին արյան բարձր ճնշման և կրծքավանդակի ցավերի պատճառով:
Վայնշտեյնի դեպքից հետո Նյու Յորքի իշխանությունները կոչ են արել պետական ուղղիչ հիմնարկների ղեկավարներին՝ բանտարկյալներին մի ուղղիչ հաստատությունից մյուսը տեղափոխել խիստ անհրաժեշտության դեպքում: