Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված գործին, որով առերևույթ հանցավոր չարաշահման հանգամանք է բացահայտվել:
Ըստ Դատախազության՝ «Փաստորեն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, համակարգչային սարքավորումների մատակարարման պայմանագրերի հանձնման-ընդունման փաստաթղթերում և իրենց կողմից կազմված եզրակացություններում մտցրել են պայմանագրերի տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքների՝ նախատեսված պահանջներին համապատասխանության վերաբերյալ ակնհայտ կեղծ տվյալներ, ընդունել այդ ապրանքները: Դրա հետևանքով պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է 9.740.000 ՀՀ դրամի էական վնաս»:
Նախարարը խնդրի մասով նկատել է, որ թե՛ ինքը, թե՛ քաղաքական թիմը անհանդուրժող են լինելու նման երևույթների նկատմամբ՝ «անկախ այն հանգամանքից, թե գործի շրջանակներում ինչ կպարզվի, մեղավորներ կլինեն, թե ոչ»:
«Դեռ կան անբարեխիղճ մատակարարներ, որոնք կարծում են, թե կարող են մատակարարել տեխնիկական առաջադրանքներին չհամապատասխանող ապրանքներ, ծառայություններ, և այդ ամենն անցնի-գնա: Ուզում եմ ասել, որ տարբեր մակարդակներով խոսվել է այս խնդրի մասին...մեր քաղաքական թիմը հանդուրժող չի լինելու այսպիսի երևույթների նկատմամբ, և շատ կարևոր է նշել, որ հարցը վերաբերում է նաև ազնիվ տնտեսվարողներին շուկայից դուրս մղելուն...Մեր բոլոր քաղաքացիներին, ընկերներին կոչ եմ անում չանհանգստանալ, մենք մեր սկզբունքները պահել ենք, պահելու ենք»,- ուղիղ եթերում ասել է նախարար Արշակյանը: