Տերտերյանների այգում ձմռան քնից խաղողն է արթնացել, ջերմաստիճանն օր օրի է բարձրանում։ Իրենց վարակվելու ռիսկը թողած՝ այգին բուսական վարակներից փրկելու մասին են մտածում։
Տարիներ առաջ Մհեր Տերտերյանը Ղազախստանից ընտանիքով տեղափոխվեց Հայաստան, ուսումնասիրեց Վայոց Ձորի բնությունն ու որոշեց՝ մարզի խամ ու խոպան հողերի մի մասի վրա խաղողի այգի պետք է հիմնի։ Մհերին ոգևորել էին հայկական գինու մասին ավանդական պատմությունները։