Այս պահին ունենք կորոնավիրուսի 194 դեպք։ Այդ դեպքերի ավելի քան 70 տոկոսը ճյուղավորված են Էջմիածնի և արտադրամասի դեպքերից։ Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Էջմիածնի ճյուղի զարգացումը կարողացել ենք կանգնեցնել, հիմա փորձում ենք կանգնեցնել արտադրամասի ճյուղի զարգացումը»,- ասաց նա։
Փաշինյանը տեղեկացրեց, որ հաստատված դեպքերի 78 տոկոսն ընդհանրապես չեն ջերմում, 37-38 աստիճան ջերմություն ունի հիվանդների 12 տոկոսը, 38-39՝ 3 տոկոսը, 39-ից բարձր ջերմություն՝ 1 տոկոսը։ Նրա խոսքով՝ 60-ից բարձր տարիքային խմբից կա 9 հիվանդ, 70-ից բարձր՝ 3, 80-ից բարձր՝ ոչ մի հիվանդ, թոքաբորբով հիվանդ է 14 հոգի, որոնցից ինտենսիվ թերապիայի կարիք ունի 6-ը, նրանց վիճակը կառավարելի է։
Ըստ վարչապետի՝ աշխարհում չկա երկիր, որը կարողանա խուսափել կորոնավիրուսի վարակից։ «Տասնյակ երկրներ արձանագրել են մահվան դեպքեր։ Աշխարհը դեռ անորոշությունների մեջ է՝ ինչպես պայքարել կորոնավիրուսի դեմ։ Աշխարհում չկա մի երկիր, որ կարող է ասել՝ պատրաստ էր կորոնավիրուսի դեմ պայքարին կամ գիտի պայքարի ձևը, կամ ինչքան է շարունակվելու այս համաճարակը։
Կան կանխատեսումներ, որ այն տևելու է մեկ-մեկուկես տարի։ Կարևոր է իմանալ՝ տաք եղանակը որքան է ազդում կորոնավիրուսի վերացման վրա, դա, իհարկե, հիպոթեզ է, ապացուցված չէ, բայց սպասում ենք նաև այդ անորոշության հստակեցմանը»,- ընդգծեց վարչապետը։
Նա անդրադարձավ նաև ՀՀ 140 քաղաքացիների Վրաստանից վերադարձին, նշեց, որ Վերին Լարսի անցակետն արդեն բացվել է, և շնորհակալություն հայտնեց Վրաստանի և Ռուսաստանի գործընկերներին։
«Հորդորում եմ Ռուսաստանից Հայաստան եկող մեր հայրենակիցներին՝ վերադառնալ օդային ճանապարհով»,- նշեց կառավարության ղեկավարը։
Անդրադառնալով խանութներում տիրող իրավիճակին՝ Փաշինյանն արձանագրեց, որ ապրանքների դեֆիցիտ չկա, բենզինի գնի անկում է գրանցվել, իսկ դիզվառելիքը դեռ շարունակում է պահպանել գինը։