Լավ կլինի, որ աշակերտները մնան տանը, դրա համար է հենց հայտարարված արտակարգ դրությունը, նաև հաճախ լվանան ձեռքերը։ Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հրավիրած համազգային ծնողական ժողովին ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նախարարը նշեց, որ տանը մնալն արձակուրդ չէ, և ծնողներին հորդորեց երեխաներին էքսկուրսիաներ չտանել, նրանց բակում թողնել, այլ հետևել հեռավար կրթության գործընթացին։
Ա․Հարությունյանը նշեց, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ հեռարձակվող դասերը դուր են եկել երեխաներին, ծնողներին, տատիկներին, պապիկներին, և այս ժամանակահատվածը, ըստ նախարարի, պետք է օգտագործել աշակերտների կրթական մակարդակը բարձրացնելու համար։
Նա նշեց, որ բոլոր դասերը տեղադրվում են նախարարության յութուբյան ալիքում։
«Հեռուստացույցի կամ համացանցի առջև անընդհատ նստելով՝ կարող են առողջական խնդիրներ առաջանալ, ուստի Հանրային հեռուստաընկերության հետ պայմանավորվել ենք, որ կլինեն ընդմիջումներ ֆիզիկական պարարպմունքների տեսքով, և տարրական ու միջին դասարանի աշակերտները մարզումներ կանեն»,- ասաց նախարարը։
Նա հորդորեց ծնողներին անպայման խրախուսել, որ երեխաները շատ կարդան, և հետագայում երբ արտակարգ դրությունն ավարտվի, կհասկանան, որ այս ընթացքում ստացած կրթությունը, ընթերցանությունը, մշակույթի և արվեստի հետ առնչվելը կարևոր է եղել երեխաների համար։ «Սա, իհարկե, չի փոխարինի դպրոցներին, բայց փորձենք այս դադարը օգտագործել, որ կրթական պրոցեսը չդադարի»,- ընդգծեց Ա․Հարությունյանը։
Նա հիշեցրեց, որ մշակութային հաստատությունները նույնպես անցել են առցանց ռեժիմի, օնլայն ցուցադրվում են լավագույն ներկայացումները, որոնք, ըստ նրա, շատ սիրվել են և արդեն տասնյակ հազարավոր դիտումներ ունեն։
Անդրադառնալով ավարտական քննությունների ժամկետներին՝ նախարարն ասաց, որ հեռավար կրթության արդյունքների ամփոփումից հետո որոշում կկայացվի՝ երկարաձգվելու են դասերը, ըստ այդմ՝ քննությունները, թե ոչ։
Ա․Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ այսօր, 19․00-ին երեխաների համար ընթերցելու է Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»։