Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։
«Արցախ հաճախ եմ այցելում, այցելում եմ ինչ-որ իմաստով որպես տուն։ Սա իմ հերթական այցելություններից մեկն է,- Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահը՝ ավելացնելով, որ Արցախ այցելելու համար ինքը հատուկ պատճառի կարիք չունի։- Խոսելու շատ բան ունենք նախագահ Բակո Սահակյանի հետ՝ ընդհանուր իրավիճակի, այս օրերին սահմաններում տիրող իրավիճակի մասին։ Իհարկե, իմ այցելության ընթացքում չենք կարող չխոսել նաև Արցախի տնտեսական զարգացման հեռանկարների, ներդրումների հնարավորությունների մասին»։
Հայաստանի նախագահն ասել է, որ թեև իր այցը որևէ կապ չունի Արցախում կայանալիք ընտրությունների հետ, այնուամենայնիվ, հետաքրքրված է, թե ինչպես է ընթանում քարոզարշավը, ինչպիսի նախապատրաստական աշխատանքներ են կատարված։ Արցախի նախագահի հետ Հայաստանի նախագահը պատրաստվում է զրուցել նաև այդ թեմայի շուրջ։ «Չեմ նախատեսում հանդիպել որևէ թեկնածուի հետ, սակայն գուցե առիթն օգտագործեմ՝ դիմելու բոլոր թեկնածուներին, նախ և առաջ նրանցից յուրաքանչյուրին մաղթելով հաջողություն, մաղթել հաջողություն ողջ Արցախին,- նշել է Արմեն Սարգսյանը։- Շատ էական է, որ այս ընտրություններն անցնեն ազատ, անցնեն ինչ-որ իմաստով անկախ՝ արտաքին կամ որևէ ուրիշ գործոններից։
Շատ էական է, որ այս ընտրությունները լինեն նաև արդար։ Արցախցիները հերոսական ժողովուրդ են, հաղթած ժողովուրդ։ Արցախը մեծ հաղթանակներ է տարել, և արդար, ազատ ընտրությունները կլինեն ևս մեկ հաղթանակ։ Այս անգամ կլինի քաղաքական հաղթանակ՝ ցույց տալով բոլորին, նախ և առաջ իրենց՝ արցախցիներին, ողջ հայ ժողովրդին, Արցախի և Հայաստանի, հայ ժողովրդի բարեկամներին և նրանց, ովքեր բարեկամ չեն, այլ՝ հակառակորդ են կամ թշնամի, որ այս պետությունը՝ Արցախի Հանրապետությունը, ամուր է, ունի հոյակապ կազմակերպված կառույցներ։ Այս պետությունը հզոր է ոչ միայն իր փոքր, բայց կարևոր տնտեսությամբ, իր բանակով, իր նվիրումով։ Սա նաև ժողովրդավարական, ժամանակակից պետություն է, որովհետև իրականում արցախյան հիմնահարցի լուծման ամբողջ գործընթացին կա մեկ այլընտրանք՝ ամուր, հզոր Արցախի Հանրապետություն։ Այս ընտրությունները կարող են շատ էական, շատ կարևոր ներդրում լինել այդ կարևոր գործում, որովհետև հաղթանակները տանում են ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև քաղաքական և միջազգային ատյաններում։ Եվ Արցախի Հանրապետության ապագա նախագահն ու նրա գործընկերները իրենց ուսերին պետք է կրեն նաև այդ բեռը։
Հաղթանակները լինում են ընտանիքի ներսում, երբ ընտանիքի բոլոր անդամներն ուրախ են, թե որտեղ են ապրում, ինչպիսի երկրում, ուրախ, որ այն, ինչ տեղի է ունենում իրենց մեծ ընտանիքում, արդար է։ Մի՛ մոռացեք, որ ազատությունը, արդարությունը, արդար ընտրությունները նաև Արցախի Հանրապետության անվտանգության գրավականներից մեկն են դառնալու, որովհետև այն նոր առաջնորդները, որոնք կգան փոխարինելու, ամուր ոտքերի վրա կանգնած կլինեն, ավելի վստահ։
Հուսով եմ, որ ընտրություններից հետո առիթ կունենամ շնորհավորելու և՛ նորընտիր խորհրդարանին, և՛ հանրապետության նորընտիր նախագահին, ինչպես նաև շնորհավորելու բոլոր չընտրված թեկնածուներին, որ արդար մրցակցության մեջ ստացել են այն ձայները, որոնց նրանք ա՛յս պահին արժանի են։ Ասում եմ՝ ա՛յս պահին, որովհետև կարող է վաղը այլ քանակի ձայներ լինեն։ Հերոս արցախցու նույնիսկ մեկ ձայնն արժեք ունի, հետևաբար, անկախ նրանից, թե թեկնածուներից յուրաքանչյուրը որքան ձայն է հավաքելու, դրանք իրենց ձայներն են, Արցախի ժողովրդի վստահության ձայներն են։ Թեկնածուների մեջ կան մարդիկ, որոնք իրենց կյանքով ապացուցել են, որ այս ժողովրդի փայլուն զավակներն են տարբեր ոլորտներում։
Շատ էական է, որ այս ընտրություններից երկիրը դուրս գա կազմակերպված, կարգապահ, ավելի համախմբված։ Արցախի ժողովուրդը պետք է այս ճակատամարտում էլ հաղթի։ Հաղթել է ռազմի դաշտում, հաղթել է պետություն կառուցելու գործում, վստահ եմ՝ հաղթելու է նաև այս քաղաքական ընտրությունների ընթացքում»։
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև կորոնավիրուսի վարակին՝ նշելով, որ Արցախը պետք է հաղթի նաև այս գլոբալ արհավիրքին։ «Քանի որ դեռևս չկա ընդհանուր դեղորայք, որը մարդկային արարածներին, անկախ իրենց ազգությունից, բուժում է կորոնավիրուսից, մենք գնում ենք դեռևս մեր հին՝ մարդկությանը ծանոթ դեղամիջոցին,- ասել է Հայաստանի նախագահը։- Եթե փորձեմ պարզ բառերով ձևակերպել՝ առաջին հերթին այդ դեղամիջոցը հոգատարությունն է, որովհետև կորոնավիրուսն ազդում է նախ և առաջ առողջությամբ թույլ և տարիքով մեծ անհատների վրա։ Հետևաբար, սեր ու հոգատարություն է պետք նրանց հանդեպ, ովքեր թույլ են և տարեց։
Երկրորդը՝ պատասխանատվություն։ Հատկապես դիմում եմ երիտասարդներին, որոնք նմանատիպ հիվանդությունը ավելի հեշտ են տանում, բայց դա չի նշանակում, որ անպատասխանատու լինելով, այդ հիվանդության հնարավոր կրողը լինելով՝ այն չեն կարող չփոխանցել մոտիկ և հարազատ մարդկանց։
Ուրեմն՝ հոգատարություն, պատասխանատվություն, կարգապահություն և կազմակերպվածություն։
Իհարկե, պետությունն այստեղ դեր ունի, և այդ առիթով, կարծում եմ, ժամանակ կունենանք խոսելու պարոն նախագահի հետ։ Ես հաճույքով կփոխանցեմ այն փորձը, գիտելիքները, որ այս վերջին շրջանում ես ինքս սովորել եմ՝ շփվելով տարբեր երկրների ղեկավարների, առողջապահության նախարարների, գիտնականների հետ։ Դրանով ես զբաղվում եմ համարյա ամեն օր՝ փորձելով կենդանի պահել Հայաստանի միջազգային կապերն առողջապահության ոլորտում։ Մենք կարիք ունենք և՛ օգնության, և՛ դեղորայքի, թեստերի, դիմակների, բայց, նախ և առաջ, կարիք ունենք փորձի՝ դրական և բացասական, թե ինչպես հաղթահարել կորոնավիրուսը։ Այդ փորձառությունը, տարբեր երկրների նախագահների կամ միջազգային առողջապահական կազմակերպությունների հետ իմ խոսակցությունների արդյունքն իմ պարտականությունն եմ համարում անձամբ փոխանցել պարոն նախագահին, որպեսզի Արցախը պատրաստ լինի։
Սա մեկ ուրիշ ճակատամարտ կամ պատերազմ է, որը պետք է տանենք անտեսանելի թշնամու դեմ, որն, ընդ որում, համաշխարհային թշնամի է։ Շատ էական է, թե այդ ճակատամարտից ինչպես դուրս կգանք։ Կլինեն երկրներ, որոնք հաղթանակած կլինեն, այսինքն՝ նվազագույն կորուստներ կունենան, և կլինեն երկրներ, որոնք դուրս կգան մեծ կորուստներով, հետևաբար, ինչ-որ իմաստով պարտված։ Հույս ունեմ, որ Հայաստանը և Արցախը այս մեծ մարտահրավերից դուրս կգան հաղթանակած, նվազագույն կորուստներով։
Արցախի մեր ողջ ժողովրդին, մեր բոլոր հայրենակիցներին մաղթում եմ նախ և առաջ առողջություն»։