Շվեյցարական կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտը (Istituto di Ricerca in Biomedicina) միջազգայնորեն վաղուց ճանաչված կառույց է և համարվում է ճշտված տեղեկատվության աղբյուր գաղտնիքների վերծանման ոլորտում, որի հիմքում աշխատում են մարդու իմունային պաշտպանության համակարգերը: Թեմային անդրադարձել է շվեյցարական Swissinfo պարբերականը:
2000-ին հիմնադրված ինստիտուտում են հայտնաբերվել Sars և Mers հարուցիչների վարակների դեմ պայքարող հակամարմիններն ու մոլեկուլները:
Այժմ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ֆոնին ինստիտուտի փորձի պահանջարկը մեծ է: Կառույցի գիտնականների ու հետազոտողների խումբը վարակի դեմ պայքարի շրջանակում Եվրահանձնաժողովի կազմակերպած մրցույթի հաղթողներից է: Նոր պատվաստանյութի, թերապիայի ու ախտորոշման թեստերի հետազոտման համար Եվրահանձնաժողովը հատկացրել է մոտ 50 միլիոն եվրո: Այս մասին մանրամասներ է հաղորդել ինստիտուտի ղեկավար Լուկա Վարանին:
«Թույլ տվեք նախ մեկ օրինակ բերել: Մենք գրեթե բոլորս փոքր տարիքում ջրծաղիկ հիվանդությամբ ենք հիվանդացել, սակայն այդ ախտով կարելի է վարակվել կյանքում միայն մեկ անգամ, քանի որ մեր իմունային համակարգը արտադրում է հակամարմիններ, որոնք ի զորու են հաղթել հիվանդությանը, եթե մենք կրկին վարակվենք: Հակամարմիններ արտադրվում են նաև կորոնավիրուսային վարակի ժամանակ, և դա հենց այն է, ինչ մեզ պետք է»:
Շվեյցարական հետազոտական ինստիտուտի ղեկավար Լուկա Վարանին ավելի է մանրամասնել տեղեկությունը. «Եթե հիվանդը ի վերջո ապաքինվել է կորոնավիրուսից, ապա դա նշանակում է, որ նրա արյան մեջ հակամարմիններ կան, որոնք կարողացել են հաղթել վարակին: Մեր գաղափարն այն է, որ դրանք օգտագործենք վարակված մարդկանց բուժման համար՝ որպես դեղամիջոց»:
Շվեյցարական կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները հայտնում են, որ մանրէների նման, վարակները նույնպես մուտացիայի են ենթարկվում: Դա է պատճառը, որ մինչև այժմ չկա նաև ՄԻԱՎ-ի դեղամիջոցը:
Հակամարմինների մշակման գիտական առաջին արդյունքները հայտնի կլինեն 3-6 ամվա ընթացքում, սակայն մինչև դեղամիջոցը բոլոր տեսակի թույլտվությունները ստանա և շուկա մտնի, առնվազն երկու տարի կանցնի: